
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Հեմատոլոգիայի կենտրոնում ամենասպասված ձայնը այն զանգի ղողանջն է, որը յուրաքանչյուր երեխա հնչեցնում է իր բուժման ավարտին՝ իր սեփական լուսանկարը կախելով ծառին՝ քաղցկեղը հաղթահարած մյուս հերոս երեխաների նկարների կողքին։ Այդ օրը բոլորի համար դառնում է տոն՝ երեխաների, ծնողների և բժշկական անձնակազմի։ Վեցամյա Մարիան, ով գտնվում է իր բուժման երրորդ փուլում, արդեն ընտրել է իր լուսանկարի տեղը լուսանկարների ծառի վրա։ Չնայած իր տարիքին՝ Մարիան հստակ գիտի, թե ինչ մասնագիտություն է ընտրելու։
«Ես շատ եմ սիրում տիկնիկներին բուժել։ Երբ մեծանամ, ուզում եմ բժիշկ դառնալ, որ վիրահատություններ անեմ և այդ կերպ բուժեմ մարդկանց»,— ասում է Մարիան։
Անցյալ տարվա դեկտեմբերին Մարիայի մայրը՝ Անին, զանգ ստացավ մանկապարտեզի բուժքրոջից, որն իր մտահոգությունն էր հայտնում երեխայի առողջության վերաբերյալ։ Անին անմիջապես գնաց մանկապարտեզ և Մարիային տարավ բժշկական զննության։ Երեխային սխալ ախտորոշում էին տվել, ինչի մասին Անին հասկացավ միայն այն ժամանակ, երբ փոքրիկ աղջկան հագցնելիս աճուկային շրջանում ուռուցիկություններ նկատեց։ Նրանք կրկին գնացին պոլիկլինիկա՝ բժշկի մոտ, և ուղեգրվեցին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
«Հեմատոլոգիական կենտրոնում մեզ ասացին, որ բժշկական հետազոտությունից հետո կարող ենք գնալ տուն, և արդյունքները կիմանանք երեք օրից։ Սակայն շուտով ես մեկ այլ զանգ ստացա՝ խնդրանքով վերադառնալ կենտրոն։ Մարիայի մոտ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկեմիա։ Արդյունքները շատ վատ էին՝ լեյկոցիտների ավելացած քանակ, տարածման 94% ցուցանիշ»,— ասում է Անին։
Նրա խոսքով՝ հիվանդության առաջին փուլը շատ դժվար էր։ Մեծ հավանականություն կար, որ Մարիային կպահանջվի ցողունային բջիջների փոխպատվաստում, սակայն Անին շարունակում էր հրաշքի հույս փայփայել և աղոթել։
«Շատ բարձր տարածման ցուցանիշից հետո մեր վերջին թեստի արդյունքները մաքուր եկան։ Բժիշկները շատ զարմացած էին։ Դա Աստծո հրաշքն էր։ Ես անընդհատ ինքս ինձ ասում էի, որ չի կարող պատահել, որ մենք այս փորձությունից պարտված դուրս գանք։ Անդադար աղոթում էի և ամբողջովին վստահում Աստծուն։ Աղոթքներիս մեջ Տիրոջն ասում էի, որ Մարիան Իր արարածն է, ուստի միայն Ինքը գիտի, թե ինչն է ճիշտ նրա համար։ Ուժ էի գտնում իմ հավատքի մեջ և վստահ էի, որ Աստծո հրաշքը տեղի կունենա»,— պատմում է Անին։
Անին կարծում է, որ բառերը մեծ ուժ ունեն, ուստի մենք միշտ պետք է դրական մտածենք և լավ բաների մասին խոսենք։ Ծնողն անխուսափելիորեն հասկանում է, որ գործընթացը լի է դժվարություններով, բայց կարևոր է հենց սկզբից ներշնչել հույս և հավատ, և մարդ կհաղթահարի մարտահրավերները։
«Մարիան շատ ուժեղ է։ Նրա համար կարևոր է իմանալ, թե ինչ են անելու բժիշկները, և նա չի դիմադրի։ Ես միշտ ասում եմ նրան ճշմարտությունը այն մասին, թե ինչ սպասել՝ արյուն են վերցնելու, թե անզգայացնում են, թե ուրիշ բան։ Սկզբում շատ սթրեսային էր նրա համար, երբ մազերը սկսեցին թափվել՝ նա երկար ու խիտ մազեր ուներ, բայց ես բացատրեցի, որ դա դեղերի ազդեցությունն է։ Այժմ նա ամեն ինչ հասկանում է և այլևս անվստահություն չունի դրա հետ կապված։ Մթնոլորտն էլ շատ ջերմ է։ Մարիան սիրում է գալ կենտրոն՝ այստեղի երեխաների և բժիշկների հետ հանդիպելու։ Նույնիսկ երբ գիտի, որ դեղն ընդունելուց հետո վատ է զգալու, երբեք չի խնդրում ինձ տանել իրեն տուն»,- մանրամասնում է Անին։
Մարիայի հետ միասին Հեմատոլոգիական կենտրոնում բուժում է ստանում նաև 10-ամյա Տիգրանը։ Փետրվարին Տիգրանի մոտ հազ առաջացավ, և բժիշկները նրան ուղղորդեցին Հեմատոլոգիական կենտրոն։ Տիգրանի մայրը՝ Անին, ասում է, որ հիվանդության հաղթահարման առաջին փուլն ամենածանրն էր, բայց այստեղ բոլոր ծնողները միմյանց կողքին են՝ աջակցելով և մխիթարելով միմյանց։
«Տիգրանին ախտորոշեցին T-բջջային լիմֆոմա։ Ես հոգեպես շատ էի տառապում, բայց համակարգչային շերտագրության (ՀՇ) առաջին արդյունքները շատ դրական դինամիկա ցույց տվեցին։ Հազիվ եմ բառեր գտնում մեր բժշկի՝ Լուսինե Սլավիկովնայի հույզերը նկարագրելու համար։ Նա ևս չէր ակնկալում այդքան արագ փոփոխություն։ Դրանից հետո ես սկսեցի լույս տեսնել և լցվեցի հավատով»,— ասում է Անին։
Սկզբում շատ դժվար էր նաև Տիգրանի համար։ Երբ նա առաջին անգամ եկավ կենտրոն և տեսավ մազաթափ եղած մյուս երեխաներին, վարանում էր ներս մտնել, բայց կամաց-կամաց ամեն ինչ սկսեց փոխվել։
«Հիմա, երբ նոր երեխաներ են գալիս, Տիգրանը վազում է նրանց մոտ և սկսում քաջալերել։ Երբ նրանց մազերը սկսում են թափվել, ասում է՝ «Ոչինչ, կթափվի, հետո ավելի լավ մազեր կաճեն»։ Այստեղ կեղծամներ կան՝ երեխաներին ուրախացնելու համար։ Մի անգամ Տիգրանը դրել էր կեղծամներից մեկը և բոլորին ուրախացնում էր։ Երբ տխուր դեմք է տեսնում, սկսում է մխիթարել և բացատրել, թե ինչ է լինելու։ Այստեղ մեզ համար փոքրիկ հարմարավետ անկյուն է ստեղծվել. ծնողները, երեխաները, ինչպես նաև բուժանձնակազմը շատ հոգատար են միմյանց նկատմամբ։ Բոլոր բժիշկները պայքարում են երեխաներից յուրաքանչյուրի կյանքի համար՝ ներդնելով իրենց ողջ ջանքերն ու կարողությունները»,— ավելացնում է Անին։
Նա խորհուրդ է տալիս նույն փորձառության միջով անցնող ծնողներին չհուսահատվել, այլ ամուր կամք դրսևորել և միշտ դրական մտածել։
Աստծո օրհնությամբ Մարիան և Տիգրանը շուտով կավարտեն բուժումը, կհնչեցնեն զանգը և տուն կգնան։ Բայց, ցավոք, վերջին տարում կենտրոն դիմողների թիվը կտրուկ ավելացել է։ Հայաստանում արյան քաղցկեղի ախտորոշումների դինամիկան մտահոգիչ է։
Բժիշկներն ի սկզբանե բոլոր ծնողներին ասում են՝ կենտրոնանալ միայն իրենց երեխաների բուժման վրա և չմտահոգվել ֆինանսական հարցերով։ Բուժումը երկար է տևում և բավական թանկ է, սակայն «Ժպիտի քաղաք» հիմնադրամն ամբողջությամբ հոգում է այդ ծախսերը։
Հիմնադրամն աջակցում է քաղցկեղի ախտորոշում ունեցող և Հայաստանում բուժում ստացող մինչև 25 տարեկան բոլոր երեխաներին ու երիտասարդներին։ Այն հոգում է բուժման բոլոր ծախսերը։ «Ժպիտի քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ով պարբերաբար այցելում է երեխաներին։
City of Smile-ի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ 2019-2021 թվականներին մոտ 105-110 ընտանիք դիմել է հիմնադրամին, մինչդեռ 2022 թվականին այդ թիվը կազմել է 148՝ մոտ 25%-ով ավելացում։
«Մենք ստանձնել ենք բոլոր ընտանիքներին այս բարդ հիվանդությունը հաղթահարելու հարցում օգնելու պատասխանատվությունը։ Մեր շահառուների մեծ մասը բավարար ֆինանսական միջոցներ չունի։ Քանի որ բուժումը երկար է տևում և թանկ արժե, այն ֆինանսական դժվարությունների առջև կարող է կանգնեցնել նույնիսկ բավական ապահովված ընտանիքներին, ուստի մեր հոգաբարձուների խորհուրդը որոշեց թույլ չտալ դա և լիարժեք աջակցություն ցուցաբերել բացարձակապես բոլորին։ Այս պատասխանատվությունը պատշաճ կերպով կատարելու համար մենք անընդհատ աջակիցներ ենք փնտրում, քանի որ ո՛չ մեկ-երկու, ո՛չ իսկ տասը կազմակերպություն ի վիճակի է հոգալու նման ծավալի ծախսերը։ Մեր աջակիցները ինչպես ամսական 1000 դրամից սկսած նվիրատվություն կատարող անհատներ են, այնպես էլ ավելի մեծ գումարներ նվիրաբերող կորպորատիվ գործընկերներ։ Շատ ուրախ եմ, որ վերջին երկու տարում Իզմիրլյան հիմնադրամը միացավ մեր աջակիցների շարքին, և թե՛ նրա ղեկավարությունը, թե՛ հոգաբարձուների խորհուրդը կարևորեցին մեր արած աշխատանքը»,— ասում է նա։
Ըստ Էսթեր Դեմիրճյանի՝ Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ անցյալ տարի բուժում է ստացել երեք երեխա, իսկ այս տարի բուժում է ստանում չորս երեխա։
«Ես բարձր եմ գնահատում այս համագործակցությունը նաև այն պատճառով, որ այն դարձել է շարունակական։ Մենք ընտրել ենք երեխաներ սահմանամերձ բնակավայրերից, բազմազավակ և սոցիալական նպաստ ստացող ընտանիքներից։ Առանց ֆինանսական աջակցության այս երեխաների մեծ մասը չէր կարողանա բուժում ստանալ, ուստի ծրագիրն իսկապես կյանքեր փրկող է։ Փառք Աստծո, նման համագործակցությունների շնորհիվ մենք ոչ մի երեխայի չենք մերժել և ոչ մեկին չենք դրել սպասման ցուցակում»,— ավելացրեց նա։
https://www.facebook.com/cityofsmilearmenia/videos/547288750952853/
Թեև դեռ վաղ է կանխատեսել այս տարվա հիվանդների թիվը, հիմնադրամը հույս ունի, որ այն կնվազի։ Այնուամենայնիվ, շարունակական աջակցությունն ու նվիրատվությունները շատ կարևոր են հիմնադրամի համար՝ ապահովելու, որ ոչ մի երեխա չմնա առանց անհրաժեշտ բուժման։
«Որքան շատ լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել՝ նույնիսկ առանց այս երեխաներին ճանաչելու, այնքան ավելի վստահ կլինենք մեր ստանձնած պատասխանատվությունը կատարելու մեր ջանքերում։ Ի վերջո, վարակիչը քաղցկեղը չէ, այլ սերը»,— ամփոփում է հիմնադրամի գործադիր տնօրենը։
Դուք կարող եք ամսական նվիրատվություն կատարել «Ժպիտի քաղաք» հիմնադրամին՝ հետևելով այս հղմանը։
Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Իզմիրլյան հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ շարունակելով իրականացնել բազմազան բարեգործական ծրագրեր՝ համահունչ Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում