Անցնել հիմնական բովանդակությանը

Գույքադարան՝ հատուկ կարիքներով երեխաների հարմարավետության համար

Գույքադարան՝ հատուկ կարիքներով երեխաների հարմարավետության համար
Գույքադարան՝ հատուկ կարիքներով երեխաների հարմարավետության համար

Հատուկ կարիքներով երեխաների համար տանը միջավայրի հարմարեցումը հատկապես կարևոր է և միևնույն ժամանակ՝ դժվար։ Անհրաժեշտ հատուկ սարքավորումների ձեռքբերումը, որոնք թանկ են, Հայաստանում հեշտ չէ։ Ավելին, երեխայի կարիքները ժամանակի ընթացքում փոխվում են, ուստի ստիպված են լինում նոր սարքավորումներ ձեռք բերել։

Հատուկ կարիքներով երեխաների համար հարմարեցված միջավայր ստեղծելու հարցում ծնողներին աջակցելու նպատակով մեկնարկել է Գույքադարանի (հատուկ սարքավորումների պահոց) ծրագիրը։ Mediamax-ը զրուցել է ծրագիրն իրականացնող «Սորս» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարինա Փարազյանի հետ Գույքադարանի հայեցակարգի և այն ընդլայնելու հեռանկարների, ինչպես նաև այդ ճանապարհին Իզմիրլյան հիմնադրամի աջակցության մասին։

Հատուկ սարքավորումների արտադրություն

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցող «Սորս» հիմնադրամը գործում է 10 տարի։ Այս ընթացքում հիմնադրամին հաջողվել է իրականացնել մի շարք ծրագրեր՝ աջակցելով հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և ձևավորելով համախմբված ծնողական համայնք։

Զուտ սոցիալական ծրագրերից բացի՝ «Սորս» հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է նաև սոցիալական ձեռներեցության գործունեություն։ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն աշխատում են հիմնադրամի կարի և փայտամշակման արհեստանոցներում։ Նրանք արտադրում են հատուկ սարքավորումներ, որոնք եզակի են Հայաստանում՝ դրանում ներդնելով իրենց ծնողական մեծ փորձն ու սերը բոլոր այն երեխաների հանդեպ, ովքեր դրա կարիքն ունեն։

«Արդեն ավելի քան հինգ տարի է՝ Իզմիրլյան հիմնադրամը մեր կողքին է։ Նրա աջակցությամբ մենք հիմք դրեցինք մեր սոցիալական ձեռնարկությանը և ձեռք բերեցինք այն սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս արտադրելու հատուկ սարքեր ու հարմարանքներ։ Արտադրություն ստեղծելու անհրաժեշտությունը ծնվեց մեր սեփական փորձից։ Ես ինքս հատուկ կարիքներով երեխա ունեմ և սեփական փորձից գիտեմ, թե որքան դժվար է Հայաստանում գտնել անհրաժեշտ սարքավորումները։ Մինչդեռ շատ կարևոր է տանը հատուկ կարիքներով երեխաների համար հարմարեցված միջավայր ստեղծելը։ Վերականգնողական կենտրոններում երեխաները կարողանում են վարժություններ անել առավելագույնը երկու ժամ, իսկ մնացած ժամերն անցկացնում են տանը կամ դպրոցում՝ իրենց կարիքներին չհարմարեցված միջավայրում։ Անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով ծնողները չեն կարողանում թերապիան շարունակել տանը։ Հենվելով միջազգային փորձի և մեր դիտարկումների վրա՝ մենք նախագծել ենք տարբեր հարմարանքներ՝ վերականգնողական վարժությունների և ճիշտ դիրքավորման համար, որոնք անհրաժեշտ են տան միջավայրը հաշմանդամություն ունեցող երեխաների կոնկրետ կարիքներին հարմարեցնելու համար։ Այսօր մեր կարի և փայտամշակման արհեստանոցներում արտադրվում է ավելի քան 250 տեսակի արտադրանք»,– ասում է Մարինա Փարազյանը։

Հատուկ սարքավորումների առավել արդյունավետ օգտագործում

«Սորս» հիմնադրամի սոցիալական ձեռնարկությունն արտադրում է դիրքավորման հարմարանքներ և ավելի քան 100 տեսակի արտադրանք՝ նախատեսված վերականգնողական վարժությունների, ինչպես նաև զգայական խնդիրներ ունեցող երեխաների հետ թերապիայի ու վարժությունների համար։ Այս հարմարանքների թվում են տարբեր տեսակի կանգնեցուցիչներ, հատուկ հարմարեցված աթոռներ, զգայական սարքեր, դիրքավորման բարձեր, իրանի և ոտքերի դիրքավորման հարմարանքներ և այլն։ Հիմնադրամն արդեն մի քանի տարի իր ծրագրերի շրջանակում այս սարքավորումները նվիրաբերում է կարիքավոր ընտանիքներին, սակայն ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ սարքավորումներից օգտվելու համար ավելի արդյունավետ մեխանիզմ է անհրաժեշտ։

«Երեխայի կարիքներն անընդհատ փոխվում են, ինչպես նաև վարժություններն ու համապատասխան սարքավորումներն ու սարքերը, և երբ երեխան մեծանում է, առաջանում է նոր սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտություն։ Շատ ընտանիքներում այլևս ոչ անհրաժեշտ սարքավորումները կուտակվում էին՝ տունը վերածելով պահեստի, և շահառուները հաճախ հարցնում էին, թե հնարավո՞ր է սարքավորումները փոխանակել։ Այսպես ծնվեց «Գույքադարանի» գաղափարը՝ սարքավորումների պահեստ, որը թույլ է տալիս վերադարձնել հները և ձեռք բերել անհրաժեշտ նորերը»,- ասում է Մարինան։

Առաջին քայլերից մինչև ցանցի ստեղծում

Առաջին Գույքադարանը բացվեց Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում 2022 թվականի աշնանը՝ World Vision Հայաստանի աջակցությամբ։ Դրան հաջորդեց երկրորդ Գույքադարանի բացումը «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի աջակցությամբ։ Ընդլայնելով հաջողված փորձնական ծրագիրը՝ Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ երրորդ Գույքադարանը բացվեց ArBeS առողջապահական կենտրոնում 2023 թվականի մայիսին՝ 60 տեսակի հարմարեցված սարքավորումներով և պարագաներով։

«Առաջիկա ամիսներին նախատեսում ենք բացել ևս երկու Գույքադարան։ Այս ծրագիրն օգնում է երեխայի տնային միջավայրը դարձնել հատուկ կարիքներին հարմարեցված, ավելի բազմազան ու ուրախ։ Այն նաև հնարավորություն է տալիս ժամանակ առ ժամանակ փոխել սարքավորումները՝ բավարարելու հաշմանդամություն ունեցող երեխաների փոփոխվող կարիքները։ Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող մոտ 9,500 երեխա։ Նպատակն է ընդլայնել նախաձեռնությունը, որպեսզի Գույքադարանը հասանելի դառնա բոլորին։ Ներկայումս մեր երեք կենտրոնների միջոցով կարողանում ենք սպասարկել մոտ 1,000 երեխայի կարիքները»,— հավելում է Մարինան։

Գրադարանի սկզբունքը

Գույքադարանի հիմնական շահառուներն են 1-18 տարեկան երեխաները, ովքեր ունեն միջին և ավելի ծանր շարժողական, վարքային, մտավոր կամ բազմակի համակցված խնդիրներ։ Այս պահին Երևանում և մարզերում Գույքադարանի պահոցներից օգտվում են 12 կենտրոնի շահառուներ։

Ելնելով երեխայի կարիքներից՝ մասնագետները նշանակում են անհրաժեշտ սարքավորումը, որը դիմելուց հետո տրամադրվում է ծնողին։ Սարքավորումը տրամադրվում է վեց ամսով, որից հետո ծնողները վերադարձնում են այն և կես տարի անց կարող են դիմել այլ սարքավորման համար։ Անհրաժեշտության դեպքում սարքավորումը հարմարեցվում է երեխայի կարիքներին և վերանորոգվում, եթե բազմակի օգտագործումից վնասվել է։

Կարևոր է ընդգծել, որ մասնագետները ծնողներին խորհուրդներ են տալիս, թե ինչպես և ինչ հաճախականությամբ օգտագործել սարքավորումը, և կանոնավոր կապի մեջ են նրանց հետ։ Ծնողները պարբերաբար մասնագետներին ուղարկում են իրենց երեխայի վարժություններ կատարելու տեսանյութեր, ինչն օգնում է մասնագետներին հետևել բուժման ընթացքին։

Ըստ Մարինա Փարազյանի՝ այս կերպ ծրագիրը նպաստում է նաև ծնողների ներգրավմանը երեխայի վերականգնողական գործընթացում և օգնում է նրանց սովորել և յուրացնել լավագույն փորձը։

«Մենք նախատեսում ենք երկու-երեք տարվա ընթացքում ունենալ առնվազն 14 Գույքադարան՝ հասնելով նաև Արցախ։ Արցախն ունի վերականգնողական ոլորտում փորձառու մասնագիտական թիմ, որը պատրաստ է հետևել Գույքադարանի աշխատանքի մոդելին։ Նախկինում մենք սարքավորումներ ենք նվիրաբերել՝ Արցախի 30 երեխայի ամենօրյա վարժությունների ռեժիմը կազմակերպելու համար, այժմ կան ծնողներ, ովքեր պետք է փոխարինեն սարքավորումները, բայց Ադրբեջանի շրջափակման պատճառով մենք չենք կարողանում դրանք հասցնել նրանց»,— ասում է «Սորս» հիմնադրամի գործադիր տնօրենը։

Գույքադարան ցանցը դեռևս չի համագործակցում դպրոցների և մանկապարտեզների հետ։ Սակայն անհրաժեշտության դեպքում ծնողները կարող են որոշ ժամանակով օգտագործել հատուկ հարմարվողական սարքավորումները դպրոցում՝ այն դեպքերում, երբ երեխան այնտեղ երկար ժամանակ է անցկացնում և միջավայրի հարմարեցման կարիք ունի։

Կերտելով ներկան և ապագան

Մարինա Փարազյանի խոսքով՝ նմանատիպ գույքի միջազգային շուկայում առկայության առումով Հայաստանը տասնամյակներով հետ է մնացել։ Այսօր միջազգային շուկայում կան բարձր տեխնոլոգիական լուծումներով սարքավորումներ և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ, որոնք շատ թանկ են և դեռևս անհասանելի Հայաստանի երեխաների համար։

«Հուսով ենք, որ Գույքադարանը կդառնա մեկնարկային կետ, և զարգանալով՝ մենք կկարողանանք այս ոլորտում մեծ արդյունքների հասնել։ Այժմ նախատեսում ենք համագործակցություն հաստատել տարբեր միջազգային կառույցների հետ, որպեսզի հնարավոր լինի Հայաստան բերել ժամանակակից, թեկուզև օգտագործված գույք և վերանորոգելուց հետո հասանելի դարձնել մեր շահառուներին։ Նպատակ ունենք նաև ընդլայնել սեփական արտադրությունը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Տարիների ընթացքում մեր ծնողական համայնքը գիտակցել է, որ մենք կառուցում ենք մեր երեխաների և՛ ներկան, և՛ ապագան, և մեզանից յուրաքանչյուրի համար այս աշխատանքն անգին է»,— ամփոփում է Մարինա Փարազյանը։