Անցնել հիմնական բովանդակությանը

Դիկրան Իզմիրլյանը Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով

Դիկրան Իզմիրլյանը Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով
Դիկրան Իզմիրլյանը Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով

Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով։

Պարգևատրման արարողության ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը, բարձրագույն պարգևը հանձնելով նրա որդուն՝ Սարկիս Իզմիրլյանին, նշեց. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը հայ ազգի սիրելի և երախտավոր որդի Դիկրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ «Հայրենիք» շքանշանով պարգևատրելն է»։

Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ներդրումը հայ ազգի պահպանման, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում։ Իր ողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերն աշխատելով, ստեղծագործելով ու կերտելով դրսևորելու սկզբունքներով։

Շատ երկար ժամանակ կպահանջվի թվարկելու համար 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք վկայում են նշվածի մասին։

Հայ ժողովուրդն արդեն բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ նրանց արժանացնելով իր ջերմ և անվերապահ սիրուն ու հարգանքին։

Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և մենք՝ պետական պաշտոնյաներս, հատուկ պարտականություն ունենք հարգանքի տուրք մատուցելու, գնահատելու և պարգևատրելու մեր երկրի ու ազգի մեծ բարեկամներին և արժանավոր որդիներին։

Այսօր մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում եմ նրա արժանավոր տիրոջը։ Վստահ եմ, որ Իզմիրլյանների ողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգեշնչման աղբյուր է եղել ամբողջ աշխարհի հայության համար։

Համոզված եմ նաև, որ մենք ականատես կլինենք այս գործունեության ավելի լայն, իրական և չափելի արդյունքներին տարբեր ոլորտներում։

Ավարտելով խոսքս՝ սրտանց շնորհավորում եմ Դիկրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու առթիվ, ինչպես նաև մեզ բոլորիս՝ նման հայրենակից ունենալու համար։

***

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին և նրա կնոջը՝ Քեթրին Իզմիրլյանին։ Նախագահը բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի ներդրումն ու գործունեությունը Հայաստանի զարգացման գործում։

«Մեզ համար մեծ պատիվ է գնահատել Ձեր հոր և Ձեր ընտանիքի կատարած գործը։ Ձեզ գնահատում է ոչ միայն մեր պետությունը, այլև ամբողջ աշխարհի հայությունը»։

Հուսով եմ, որ ապագայում՝ շարունակելով մեր համագործակցությունը, մենք նոր հաջողությունների կհասնենք։

«Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն իսկապես հզորանա, տնտեսությունը զարգանա, մարդկանց կյանքը բարեկեցիկ դառնա և, իհարկե, մեր պաշտպանունակությունն ամրապնդվի»,— նշեց Նախագահը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սարկիս Իզմիրլյանն ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ։ Իմ ընտանիքը չափազանց երախտապարտ է այն պարգևի համար, որ այսօր ստացավ հայրս։ Նա միշտ ասում է, որ հայերը պետք է օգնեն հայերին։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք՝ մենք առաջին հերթին հայ ենք»։