Բժշկական կենտրոն Երևանում. առողջապահական գերազանցություն սոցիալական առաքելությամբ
Ընթացիկ
Ամփոփում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը (ԻԲԿ) «Իզմիրլյան» հիմնադրամի առաջատար առողջապահական ծրագիրն է և Հայաստանի առողջապահության ոլորտում նրա ամենախոշոր բարեգործական ներդրումը։ Ծրագիրը մեկնարկել է Երևանում 2008 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ՝ «Իզմիրլյան» հիմնադրամի հիմնական նվիրատվությամբ և Լուիզ Սիմոն Մանուկյանի հետ համագործակցությամբ։
2013 թվականից Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ Հայաստանի առողջապահության ոլորտում ամենախոշոր բարեգործական ներդրումը, փոխակերպող դեր է խաղում բարձրորակ բուժօգնության հասանելիության ընդլայնման գործում։ Այսօր Կենտրոնը տարեկան տրամադրում է ավելի քան 220 000 ամբուլատոր խորհրդատվություն և մոտ 7 000 ստացիոնար բուժում՝ հազարավոր հիվանդների սպասարկելով պրոֆեսիոնալիզմով, կարեկցանքով և կլինիկական գերազանցությանը նվիրվածությամբ։
ԻԲԿ-ն դարձել է Հայաստանի առաջատար առողջապահական հաստատություններից մեկը՝ համատեղելով արդի բժշկական ենթակառուցվածքները, մասնագիտացված փորձառությունը և հիվանդակենտրոն խնամքը։
Կենտրոնի առաքելության հիմքում պարոն Դիկրան Իզմիրլյանի տեսլականն է, համաձայն որի` ԻԲԿ-ն պետք է լինի ոչ միայն բարձրակարգ բժշկության կենտրոն և բարձրորակ բուժօգնություն տրամադրող, այլև հաստատություն, որն ապահովում է բուժօգնության հասանելիություն առավել կարիքավոր մարդկանց և համայնքների համար։ Այս տեսլականին համապատասխան՝ «Իզմիրլյան» հիմնադրամը համաֆինանսավորել է մի շարք թիրախային առողջապահական նախաձեռնություններ, որոնք խոցելի խմբերին հնարավորություն են տվել ստանալ որակյալ բժշկական ծառայություններ, հատկապես ճգնաժամային ժամանակահատվածներում։ Այս նախաձեռնություններն աջակցել են, ի թիվս այլոց, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտություններից և անկայունությունից տուժած հայերին, Արցախյան պատերազմներից հետո վիրավոր զինծառայողներին և Արցախից տեղահանվածներին։ Այսպիսով, Կենտրոնի կլինիկական կարողությունները դարձել են նաև մարդասիրական արձագանքի և սոցիալական աջակցության կարևոր հարթակ։